Վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ տարեվերջյան հանդիպմանը ցանկություն հայտնեց, որ 2015 թվականը ժողովրդի, երկրի քաղաքական ուժերի համար լինի հանդուրժողականության տարի, իսկ հասարակությունից համբերություն ու ժամանակ խնդրեց՝ խնդիրները լուծելու համար։ «Բոլորս ունենանք մի կարծիք՝ ոնց անենք, որ մեր ժողովուրդը ավելի բարեկեցիկ ապրի, իսկ դրա համար հարկավոր է զարգացնել տնտեսությունը, և դա, ես կարծում եմ, հնարավոր է անել միասնական ուժերով»,- ասաց Աբրահամյանը:
Հովիկ Աբրահամյանը օբյեկտիվ քննադատություններն ընդունում է ի գիտություն և փորձում շտկել։ «Իսկ բոցաշունչ հայտարարությունների կողքով անցնում ենք աննկատելի և մենք չենք շեղվելու մեր ճանապարհից: Բոլորը հասկանում են, որ մենք ունենք խնդիրներ չլուծված, և ես կարծում եմ, որ մենք ունենք այդ ուժը, հնարավորությունը, փորձը, որպեսզի 2015 թվականին նորից շարունակենք այն բոլոր խնդիրներին, որոնք առկա են մեր երկրում, մեր ժողովրդի առջև ծառացած, փորձենք լուծում տալ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը նշում է, որ բոլորը, նաև քննադատողները պետք է հասկանան, որ խնդիրը միանգամից հնարավոր չէ լուծել. «Պարբերաբար, արձանագրելով գերակա ուղղությունները, պետք է փորձենք լուծելով գնալ, բայց որ մեզ համար դա լինելու է մեր քաղաքացու բարեկեցությունը, դա աքսիոմ է: 2014 թվականը լի էր մարտահրավերներով, բայց մենք փորձեցինք հաղթահարել: Եվ ձեռքբերումների, և մարտահրավերների տարի էր»: Ըստ վարչապետի՝ կառավարության ձեռքբերումները բազմաթիվ են։ Աբրահամյանն ընդգծեց, որ ամենակարևորը ձևավորել են պրոֆեսիոնալ թիմ. «Պարզ է, որ մայիս ամսին ձևավորված կառավարությունը չի լուծելու այն տարիների ընթացքում կուտակված խոչընդոտները, բայց որ լուծելով գնալու ենք այդ խնդիրները: Դրա համար մեր հասարակությունից խնդրում ենք համբերություն և ժամանակ»:
Վարչապետն անդրադարձավ նաև բացթողումներին. «Այն, որ մենք չկարողացանք այնպես անել, որ մեր երկրում մեր ժողովուրդը ավելի բարեկեցիկ ապրի, ոնց որ մենք ենք ուզում: Քանի որ մենք հայտարարել ենք, որ մեր քաղաքացու բարեկեցությունն է մեր համար առաջին խնդիրը, ես, օրինակ, կուզեի, որ աղքատությունը կրճատվեր, աշխատատեղեր ստեղծվեին, համոզված եմ, որ 2015, 2016 թվականներին, մենք այդ խնդիրներին լուծում կտանք»:
Խոսելով վերջին օրերին դրամի արժեզրկման մասին՝ Աբրահամյանը արձանագրեց, որ որևէ լուրջ տատանում ու ցնցում չեն լինի։ Պաշտոնյան համոզմունք հայտնեց, որ պատկան մարմինները կառավարության աջակցությամբ կանեն ամեն ինչ, որ մեծ լարվածություն չառաջանա։